factum.ngo@gmail.com
Factum logo

Հաստատվել է 2012 թվականի փետրվարի 1-ին

«Ֆակտում» փաստագրական կենտրոնն արտադրում է տեսանյութեր (ֆիլմեր, հաղորդումներ, հոլովակներ), գրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ, որոնք ազդեցություն ունեն հասարակության տարբեր խմբերի վրա։ Այդ ազդեցությունը կարգավորելու համար ստեղծել է սույն կանոնագիրը։

1.«Ֆակտում» փաստագրական կենտրոնը (ՖՓԿ) պատասխանատու է իր արտադրանքի հավաստիության, ճշմարտացիության, անկողմնակալության համար եւ ստեղծում է ստուգված բովանդակություն։

2.Այլ աղբյուրներից փաստեր, տեղեկություններ, տեսանյութեր փոխառելիս՝ ՖՓԿ-ն հարգում է այդ նյութերի իրավատերերի հեղինակային իրավունքը՝ պարտադիր հղումներ անելով աղբյուրներին։

3.Հարցազրույցների ընթացքում՝ ո՛չ հարցերով, ո՛չ մոնտաժով՝ տեսանյութերի պատրաստման ընթացքում, չեն կիրառվում այնպիսի մեթոդներ, որոնք կարող են աղճատել արտադրանքում՝ որպես ականատես, վկայող, պատմող, փորձագետ ներկայացող մարդկանց (հարցազրուցող) խոսքը, կտրել համատեքստից, փոխել ասելիքի իմաստը։

4. ՖՓԿ-ն պետք է համոզված լինի, որ հարցազրուցողները հարցերին մոտենում են սթափ մտքով եւ գիտակցում է, որ իրենց հաղորդած բովանդակությունը տեղ է գտնելու ՖՓԿ-ի արտադրանքում։ Հատկապես դա վերաբերվում է խոցելի խմբերին եւ նուրբ թեմաներին։ Հարցազրուցողները ՖՓԿ-ի պատրաստած հատուկ ձեւաթղթով տալիս են գրավոր համաձայնություն՝ թույլատրելով իրենց խոսքը վերարտադրել ամբողջական կամ մոնտաժված տարբերակով։

5.Ամբողջաական տարբերակով վերարտադրելու դեպքում փոխանցվող բովանդակության հավաստիության եւ ճշգրտության պատասխանատվությունը կիսում են հարցազրուցողը եւ ՖՓԿ-ն, իսկ մոնտաժի միջոցով վերարտադրելու դեպքում պատասխանատվությունն ամբողջապես դրվում է ՖՓԿ-ի վրա։

6.Պատրաստի տեսանյութերում ՖՓԿ-ն ենթագրերով (subtitle) նշում է հարցազրուցողի անունը, ազգանունը, տիտղոսը, որոշ դեպքերում՝ հարցազրույցի նկարահանման վայրն ու թվականը։

7. ՖՓԿ-ն հարգանք է դրսեւորում տարբեր մշակույթների, ենթամշակույթների, կրոնական եւ այլ խմբերի նկատմամբ, խուսափում է կարծրատիպերից, սենսացիաներից, թեմաների կամ փաստերի շահագործումից՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը ինչպես հարցազրուցողի հեղինակության, այնպես էլ լսարանի վրա։

8. ՖՓԿ-ի հեղինակները, նկարահանող խմբերի անդամները՝ պրոֆեսիոնալիզմ դրսեւորելով, հարցազրուցողներին մոտենում են հարգանքով, խուսափում են կոնֆլիկտներից, չեն ներքաշում թեմաների մեջ, որոնց վերաբերվող խոսքը կարող է վնասել նրանց հեղինակությունը։

9.Հեղինակները հարցազրուցողի խոսքում առկա անճշտություններն ուղղում են կա՛մ հեղինակային տեքստի օգնությամբ, կա՛մ այլ հարցազրուցողների հաղորդած համանման տեղեկություններով, կա՛մ տեսողական նյութերով (կինո/վիդեո խրոնիկա, լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, մամուլի կտրածոներ եւ այլն)։

10.Պատրաստի արտադրանքում առկա անճշտությունների պատասխանատուն ՖՓԿ-ն է։ Անվիճելի պահանջի դեպքում այն կա՛մ վերախմբագրվում է, կա՛մ ՖՓԿ-ն հանդես է գալիս ճշտող, հերքող հայտարարությամբ, կամ դադարեցվում է դրանց տարածումն ու հրապարակայնացումը։

11.ՖՓԿ-ն՝ վերջնական արտադրանքը պատրաստում է անկողմնակալության սկզբունքով՝ ներկայացնելով տարբեր տեսակետներ, ձգտում է նվազագույնի հասցնել սեփական վերաբերմունքը՝ բացառելով հեղինակային կողմնակալությունը։

12. ՖՓԿ-ն՝ վերջնական արտադրանքը պատրաստելիս, հավասարակշռում է ստեղծագործական հղացումները եւ սույն կանոնագրով արձանագրված պատասխանատվությունները։

13.Արտադրանքի (ֆիլմեր, հաղորդումներ, հոլովակներ, գրքեր) տնօրինողը եւ որակի, հավաստիության, փաստերի ճշգրտության պատասխանատուն ՖՓԿ-ն է։

14.ՖՓԿ-ի հետ պայմանագրով աշխատող ցանկացած ոք (հեղինակներ, տեխնիկական անձնակազմ եւ այլն), ծանոթանում է սույն կանոնագրին եւ ստորագրությամբ հաստատում, որ ընդունել է կանոնագրի բոլոր կետերը։